«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն ԱԻՆ-ին ռադիոմետր սարքավորումներ է նվիրել
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում:
«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր:
Միությունն ավարտում է հայաստանյան առաքելությունը և այդ կապակցությամբ որոշել է ԱԻՆ-ին նվիրաբերել երեք ռադիոմետր սարքավորում:
Ռադիոմետրերից երկուսը նախատեսված են գամմա, իսկ մեկը՝ ալֆա, բետա և գամմա ճառագայթներ չափելու համար:
Փոխնախարար Բալյանը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար և նշեց, որ սարքերի կարևորությունը պայմանավորված է հատկապես Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» միությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 70 երկրներում: