Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում նախագահել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջարկներ եւ երրորդ երկրների հետ փոխադարձ առեւտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր։ Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդի նիստի օրակարգում են Սերբիայի եւ Սինգապուրի հետ ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապրանքների եւ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքը: ԵԱՏՀ խորհրդի նիստին քննարկվելու է նաեւ մի շարք ապրանքների՝ երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցը: