Նման պլաններ չունենք. վարչապետը` Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտության մասին
Մենք նման պլաններ չունենք: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, որը վերաբերում էր Սիրիա ուղարկած հումանիտար առաքելությանը:
Պատգամավորը մեջբերեց պաշտպանության նախարարի հայտարարությունը, ըստ որի`եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը, անպայման, դա կանի:
«Ի՞նչ հնարավոր անհրաժեշտությունների առաջացման դեպքում կարող է մենք Սիրիայում ներգրավվենք ռազմականան գործողություններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել, արդյո՞ք մենք մեր ներկայությամբ չենք թիրախավորել հենց հայ համայնքը Սիրիայում և Հայաստանը և ե՞րբ ենք նախատեսում դուրս գալ այնտեղից»,-հարցրեց Արման Բաբաջանյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սիրիա ՀՀ-ն ուղարկել է հումանիտար առաքելություն: «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, և ինչ հարցի համատեքստում է նա հայտարարություններ արել, մենք նման պլաններ չունենք»,-ասաց վարչապետը: