«Բանտից վարչապետ». «Christian Science Monitor» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին
«Christian Science Monitor» միջազգային պարբերականը փետրվարի համարում
անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած
ներքաղաքական զարգացումների համատեքստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բանտից վարչապետ» խորագրով հրապարակումը
սկսվում է 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների նկարագրությամբ: Պարբերականը ներկայացնում է այդ օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և նշում, որ առաջնագծում գտնվող քաղաքական գործիչների շարքում էր Նիկոլ Փաշինյանը:
Պարբերականն անդրադարձ է կատարում 2018 թվականի Հայաստանի ներքաղաքական
զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլերթը սկսելով Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց: Նրանք դեմ էին
արտահայտվում գործող իշխանությանն ու այդ ժամանակ երկրի ղեկավար Սերժ
Սարգսյանին:
«Այս փոքր երկիրը, որը գտնվում է Հարավային Կովկասում, իրականացրեց խաղաղ հեղափոխություն: Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին անհնազանդության: Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ»,-նշել է պարբերականը: Հոդվածում նշվում է, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն այն երկրներից է, որտեղ ձևավորվեց ժողովրդավարության նոր մոդել:
Լրագրող, հեղափոխական, ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ: Պարբերականը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ընտանիքով տեղափոխվեց կառավարական առանձնատուն և խոստացավ իր հայրենակիցներին լինել առավել թափանցիկ: