Երբ կլինեն մրցակցային ազատ պայմաններ, մրցունակության խթաններ, 5%-ը գերազանցող տնտեսական աճի համար ավելի լավ հիմք կլինի. Տիգրան Խաչատրյան
Ծրագրում պարունակվում են 3 կարևորագույն թվեր՝ տնտեսական աճը, ներդրումները և ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով կարծիքներին, թե թվեր չկան Կառավարության ներկայացրած ծրագրում:
Նախարարը հեթով թվարկեց, թե որ կետով որքան ցուցանիշ են ակնկալում ունենալ ծրագրի ավարտին՝ 2023 թ.-ին: «Նախ ամրագրված է, որ 5 տարվա ժամանակահատվածում միջին հաշվով առնվազն տնտեսական աճը պետք է կազմի 5 տոկոս: Կա կարծիք, որ դա բացառիկ ցուցանիշ չէ, պետք է լիներ ավելի բարձր ցուցանիշ, մյուս կողմից՝ մենք խոսում ենք երկարաժամկետ հատվածում միջին նվազագույն ցուցանիշի մասին, իսկ տնտեսական աճը հետևանք է այն բոլոր կարևորագույն քննարկումների, ինչի մասին խոսում ենք»,-նշեց նա:
Նա հավելեց, որ երբ կլինեն մրցակցային ազատ պայմաններ, մրցունակությունն ավելացնելու խթաններ, և քաղաքացիները, կազմակերպությունները կկարողանան ինքնադրսևորվել և իրականացնել իրենց գաղափարները, արդյունքում կլինեն շատ ներդրումներ, 5 տոկոսը գերազանցող տնտեսական աճի համար ավելի լավ հիմք կլինի:
2-րդ ցուցանիշը ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշն է՝ նախարարի ներկայացմամբ. «ՀՀ-ից 1 տարվա ընթացքում արտահանվող ապրանքների և ծառայությունների արժեքի համեմատությունը կամ հարաբերությունը ներքին համախառն արդյունքի նկատմամբ կազմում է մոտ 38 տոկոս, տնտեսական աճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով արտահանման աճի արդյունքում ծրագրում հայտարարված է, որ ակնկալվում է 2023թ.-ին հասնել համախառն ներքին արդյունքի 43-45 տոկոսի»:
Իսկ երրորդ կարևորագույն ցուցանիշը ներդրումների մակարդակն է: Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում տարվա ընթացքում մասնավոր և պետական ներդրումների հանրագումարը կազմում է 17-18 տոկոս, իսկ ծրագրում հայտարարված է, որ խթանելու և խոչընդոտները վերացնելու շնորհիվ հասնելու են 23-25 տոկոսի:
«Ծրագիրը հայտարարում է նպատակն ու ճանապարհը, դրան կհաջորդի կառավարության կողմից հաստատված այն միջոցառումների ծրագիրը, որոնք ապահովելու են յուրաքանչուր ուղղությամբ անելիքների ընթացքը»,-նկատեց Տիգրան Խաչատրյանը: