Մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ միկրոբիզնեսները կազատվեն շրջանառության և եկամտային հարկերից․ կառավարություն
«ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում:
Կառավարությունը խոստանում է, որ ծրագրային 5 տարվա ընթացքում կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացումը և նրանց ծրագրերի իրագործումը՝ գործնական միջանցք ապահովելով նոր գործարար նախաձեռնությունների իրականացման համար։
«Այդ նպատակով կհամագործակցենք ՓՄՁ-ի հանրության շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ, մասնավորապես` տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով», – նշված է ծրագրի նախագծում։
Կառավարությունը, ըստ փաստաթղթի, կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացման այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասանելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը: