Անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը․ ՄԻՊ-ը հանդիպել է PR դպրոցի շրջանավարտներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հյուրընկալել է
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին՝ խոսելով Պաշտպանի հաստատության դերի և իր մասնագիտական ձեռքբերումների մասին։
«Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, երկու
տարբերակ ունեի․ կա´մ պետք է պոպուլիզմով զբաղվեի՝ ինձ համար ապահովելով
հասարակության շրջանում դրական վարկանիշ, բայց երկարաժամկետ հեռանկարում
կործանեի կառույցի հեղինակությունը, կա´մ պետք է ընտրեի դժվար ճանապարհը՝
պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ես, իհարկե, ընտրեցի երկրորդը, և այդ աշխատանքի
շնորհիվ մենք այսօր ունենք միջազգային բարձր հեղինակություն, ակտիվորեն
ներգրավված ենք օրենսդրության կատարելագործման ոլորտում, ինչպես նաև
տարեցտարի ավելի բարձր ցուցանիշներ ենք արձանագրում դրական լուծում ստացած
գործերի թվով»,-պատմել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ անհատի PR-ը կարևոր
է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը։
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմանի առաքելությունը պահանջում է աշխատանք պետական բոլոր մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։
«Դիմողի հայտնած տեղեկության գաղտնիությունը, աշխատանքի օբյեկտիվությունը և անկախությունը մեզ համար հիմնարար արժեքներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ աշխատանքի կարևոր գրավական է իրավունքի խախտման հանդեպ անհանդուրժողականությունը, այդ խախտումը վերացնելու հարցում հետևողականությունը և լուծմանը նպաստելը»,- մանրամասնել է Արման Թաթոյանը։ PR դպրոցի շրջանավարտները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Պաշտպանին, իսկ հանդիպման ավարտին Արման Թաթոյանն Աստղիկ Ավետիսյանի հետ ավարտական վկայականներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հանրային կապերի ոլորտում։