Հայ գործարարը Վոլգոդոնսկում Էյֆելյան և Պիզայի աշտարակներ է կառուցել
Վոլոգդայի շինկազմակերպություններից մեկի ղեկավար, հայազգի Ատոմ Գրիգորյանը, քաղաքից մոտ 60 կիլոմետր հեռավորությամբ կառուցել է աշխարհի ամենահայտնի տեսարժան շինություններից մի քանիսը` Պիզայի, Էյֆելյան և Օստանկինոյի աշտարակները: Այս մտահղացումը ծնվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանն իր տան բակում Արարատ լեռան փոքր կրկնօրինակը պատրաստեց: Այնուհետ քաղաքից հեռու նա մեկ հեկտար տարածք վարձակալեց, գնեց մետաղի ջարդոն և կառուցեց Էյֆելյան աշտարակի 18․5 մետրանոց կրկնօրինակը:
«Մի քանի տոննա մետաղի ջարդոն գնեցի, մտածեցի, որ կարելի է Էյֆելյան աշտարակը կառուցել: Կնոջս այս միտքը դուր եկավ: Հետո արդեն մենք այդ աշտարակի տակ համբուրվում էինք ու լուսանկարվում»,- ասել է գործարարը տեղի լրատվամիջոցներից մեկին:
Այսքանով, սակայն, Գրիգորյանը չբավարարվեց: Կառուցեց նաև Պիզայի աշտարակի 7 մետրանոց կրկնօրինակը՝ պահպանելով հայտնի շինության շեղման ճիշտ չափը՝ 3 աստիճանը: Դրանից հետո Օստանկինոյի աշտարակը կառուցեց: Սա ամենաբարձրն է, ունի 20 մետր բարձրություն: Հետաքրքիր է նաև, որ Գրիգորյանը բոլոր նախագծերն ինքնուրույն է կազմել: Հիմա գործարարը ծրագրում է կառուցել նաև լոնդոնյան հայտնի Բիգ Բենը և Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակը, ապա՝ զբոսայգի ու Նոյան Տապանի տեսքով հյուրանոց: