«Գործ N° Մարտի 1» ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ չի նկարահանվել և բացարձակապես ոչ մի հոնորար չի տրվել նրա կողմից. փաստաբան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը Քոչարյանի հետ ճշգրտումից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ «Գործ N° Մարտի 1» ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ չի նկարահանվել։
«Բացարձակապես ոչ մի հոնորար չի տրվել պարոն Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից, բացարձակապես նախաձեռնությունը նրանց կողմից չի եղել, այլ եղել է Ռոման Բաբայանի կողմից, ընդ որում՝ մարդ է միջնորդ գցել, որպեսզի կապ հաստատի Քոչարյանի հետ և խնդրի, որ նա ֆիլմի նկարահանումներին մասնակցի»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը մանրամասներ ներկայացրեց. «Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, ով ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել «Մարտի մեկի» դեպքերի հետ կապված: Պարոն Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից էլ ովքեր են խոսելու, իրեն ասել են, որ ենթադրվում է, որ խոսելու են Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և մի շարք այլ անձինք, ովքեր այդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել: Այդ պայմաններում համաձայնվել է հարցազրույց տալ»:
Հայկ Ալումյանը նշեց, որ մի քանի օրվա մեջ եղել են Հայաստանում, հարցազրույց են վերցրել, այդ ժամանակ էլ իմացել է, որ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեև նրանց աջակցել է: «Դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել, ոնց է դրվել շրջանառության մեջ, պարոն Քոչարյանին հայտնի չի եղել»,- ասաց նա:
Իսկ թե Ռոբերտ Քոչարյանը և ռեժիսոր Ռոման Բաբայանը միմյանց հետ կապ ունեցել են, փաստաբանը պատասխանեց, որ որևէ կապ չի ունեցել, ուղղակի ծանոթացել են ինչ-որ միջոցառման ժամանակ: