Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել. Փաշինյան (տեսանյութ)
Ես անձամբ չեմ կարդացել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ, անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ էդպիսի ձեւակերպում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԽ մարդու իրվունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին, որտեղ ՀՀ իշխանություներին կոչ է արվում Մարտի 1–ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը:
Ինչ վերաբերում է վերջերս հանրության շրջանում տարբեր շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզին, Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող ընդհանրապես քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը»:
Իսկ դիտարկմանը, թե որոշ փորձագետներ զուգահեռներ են տանում Արցախի հարցում գործող իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ուղեգծերի մեջ, վարչապետը պատասխանեց. «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել եւ որեւէ զուգահեռ գտնելու փորձերը նախկինում վարված որեւէ քաղաքական ուղեգծի հետ միանգամից ասեմ, կատարյալ մոլորություն է»: