Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է. սահմանվել է հերթապահություն (տեսանյութ)
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվող խոտածածկ տարածքի հրդեհը մարվել է, սահմանվել է հերթապահություն:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հրդեհաշիջման աշխատանքները ողջ ընթացքում գտնվել են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական վերահսկողության տակ: Ահազանգը ստանալուն պես ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անմիջապես մեկնել էին դեպքի վայր: Ողջ գիշերվա ընթացքում իրականացվող օպերատիվ աշխատանքները նախարար Ցոլակյանը համակարգել է դեպքի վայրում՝ տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, և այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 12, ոստիկանության 30 աշխատակից և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Այսօր՝ ժամը 08:00-ին, մարտական հաշվարկներին է միացել նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 09:30-ի դրությամբ հրդեհն արդեն ամբողջությամբ մեկուսացված էր: Բացառվել է նաև հրդեհի տարածման վտանգը, առանձին վայրերում իրականացվել են շիջման և հովացման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել 34 փրկարար ծառայող (14 հրշեջ-փրկարար, 20 փրկարար) և անտառտնտեսության 15 աշխատակից: