Ո՞ր հիվանդները կբուժվեն պետպատվերի շրջանակում. ներկայացնում է նախարարը
Առողջապահության նախարարությունն այսօր լրագրողներին է ներկայացրել 2019 թվականի անելիքների ցանկը: Ըստ տարածած հաղորդագրության՝ առողջապահական բյուջեն աճել է մոտ 10 մլրդ դրամով:
«Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակում: Պետպատվերով նաև 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա: Հեպատիտ Ց-ի դեմ պետպատվերի շրջանակներում բուժում կստանա շուրջ 1000 պացիենտ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
ԱՆ-ից նաև տեղեկացնում են, որ չարորակ ուռուցքների վիրահատական բուժումը հանվել է համավճարի եղանակով փոխհատուցվող ծառայություններից և բացառապես կիրականացվի պետպատվերի շրջանակում՝ ամբողջ բնակչության համար: Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետպատվերի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման կազմակերպմանը: