Էս երկրում արդար դատավոր չկա, բոլորը ենթարկվում են փողոցին. Մանվել Գրիգորյանի կինը՝ ամուսնուն կրկին կալանավորելու մասին
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվեց, Մանվել Գրիգորյանը կկալանավորվի: Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպանները մեկնաբանություն չտվեցին լրագրողներին:
Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց. «Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է փողոցին և կալանավորում է մի շարք հիվանդություններ ունեցող գեներալին:Էս երկրում արդար դատավոր չկա, էս երկրում արդարադատություն չկա և բոլորը ենթարկվում են փողոցին, ուրիշ բան չեմ կարող ասել»:
Նազիկ Ամիրյանը հրաժարվեց պատասխանելուց հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճի իր առանձնատա՞նը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018-ի հունիսին, այնուհետև նրա կալանքի ժամկետը երկարացվել էր երեք անգամ, դեկտեմբերի 21-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր նրա պաշտպանների միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել 25 մլն դրամ գրավը: Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ: