Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 3 մեքենա. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը
Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի, Mercedes մակնիշի և Honda մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հրշեջ-փրկարարները և մինչ հիվանդանոց տեղափոխելը, Ա. Մուրադյանը բժիշկների հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, քննչական խմբի աշխատակիցները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հրշեջ-փրկարարները վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: