Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների խմբում է
Դեկտեմբերի 27-ին Շվեյցարիայում մեկնարկել է Վեյնախտօփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տոնել է 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտել հաշտությամբ և 5 միավորով Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Նարայանանի հետ գլխավորում է աղյուսակը:
Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը, որում երկու առաջատարները կմրցեն միմյանց դեմ: