Մեկ «պիստալետով» աշխատող և ասենք 8 «պիստալետով» աշխատող բենզալցակայանները նույն տուրքն են տալիս. Հայկ Մարության
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը 350 հազար դրամից 600 հազար դրամ դառնալու արդյունքում մեկ լիտրի դիմաց գնի ավելացում է տեղի ունենում 1-1,35 դրամի չափով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում նշեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, այդ հաշվարկի հիմքում դրվել է ամսական նվազագույնը մինչև 500 լիտրա վաճառք ունեցող լցակայանը: «Դա կարծում եմ, ոչ ինքնարժեքի, ոչ տնտեսվարողի, ոչ սպառողի վրա էական ազդեցություն չի ունենա»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց. «Մեկ «պիստալետով» աշխատող բենզալցակայանն ու ասենք 8 «պիստալետով» աշխատող լցակայանները նույն տուրքն են տալիս: Այստեղ ևս տարվա ընթացքում փոփոխություններ կառաջարկենք»:
Նշենք, որ Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։