Ալբանիայի վարչապետի ուղղությամբ խորհրդարանում հավկիթներ են նետել
Ալբանիայի ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն այդ երկրի վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար Էդի Ռամայի ուղղությամբ հավկիթներ են նետել խորհրդարանական լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը:
Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի սկզբից այս երկրում հազարավոր ուսանողներ զանգվածային ցույցեր են անցկացնում, փակում են Տիրանա քաղաքի փողոցներն ու կրթության նախարարության շենքին հարակից խաչմերուկները:
Դրանց արդյունքում Ալբանիայի իշխանություններն արդեն չեղարկել են չհանձնած քննության համար սահմանված վճարի մեխանիզմի կիրառումը, սակայն մի շարք պահանջներ դեռևս չլուծված են մնում, մասնավորապես ուսման վարձավճարների նվազեցման մասին պահանջն ու այլ հարցեր:
«Դեմոկրատական խմբակցության պատգամավոր Էնդրի Հասան սկսել է հավկիթներ նետել նրա ուղղությամբ: Դեպքից անմիջապես հետո պատգամավորին դուրս են բերել նիստերի դահլիճից»,- հայտնում է աղբյուրը: