Կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը
Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը:
Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երեւան համայնքին պատկանող տարածքում:
«Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը եւ կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ճարտարապետական բաժնի պետ Մհեր Մանթաշյանը:
Հետեւելով ոլորտի պատասխանատուների հորդորներին՝ կառուցապատողն իր ուժերով քանդել է համայնապատկան շուրջ 150 քմ տարածքում կառուցված շինությունները:
Երեւանի քաղաքապետարանը մեկ անգամ եւս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից: Այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որեւէ շինարարություն: Դրան զուգահեռ՝ մայրաքաղաքում պարզեցվում եւ հեշտացվում է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը: