Ուկրաինայի հետ ռազմական համագործակցություն, ես հիմա չեմ կարող նույնիսկ ենթադրել. Դավիթ Տոնոյան
Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է բարձր ճշգրտության զենքի արտադրության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների ձեռք բերման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա պարզաբանել է, որ այս ոլորտում քննարկվում է նաեւ ԱՄՆ-ի հետ հանագործակցությունը, բայց կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ դեռ չկան: Տոնոյանի խոսքով, ներկայումս Հայաստանի սպառազինության 90 տոկոսը ռուսական արտադրության է, մնացած 10 տոկոսը, ըստ նախարարի պաշտոնակատարի, կապի ու խաղաղապահության ոլորտից են:
Բացի այդ, Դավիթ Տոնոյանը նշեց, որ Հայաստանը Ուկրաինայի հետ ռազմական համագործակցություն չունի. «Ուկրաինայի հետ ռազմական համագործակցություն... ես հիմա չեմ կարող նույնիսկ ենթադրել»,-ասել է նա:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երկու երկրների ՊՆ-ների միջեւ համատեղ միջոցառումներ չեն իրականացվել վերջին տարում. «Միայն եթե եղել են ինչ-որ միջոցառումներ, որոնք կազմակերպվել են երրորդ երկրների տարածքում եւ այդտեղ եղել են մեր եւ Ուկրաինայի սպաների ներկայություն: Երկկողմ միջոցառումներ այս փուլում չկան»,-ասել է նա: