ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան․ Տոնոյան
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ռուսական մամուլի ներկայացուցիչներին ու նրանց հարցերին պատասխանելիս տեղեկացրել, որ Հայաստանն իր թեկնածուին առաջադրելու է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնի է դառնում ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հրապարակումից։
Հայաստանի ՊՆ ղեկավարը նշել է, որ հարցն այն է, որ ՀԱՊԿ կանոններում կարգավորված չէ այն դեպքը, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ վայր է դնում լիազորությունները, կարգավորված չէ, թե ինչ պետք է լինի դրանից հետո։
Միաժամանակ, Տոնոյանը հերքել է այն կասկածը, թե Հայաստանը կարող է լքել կառույցը։ ՊՆ ղեկավարն ասել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ, նախանշաններ չկան։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են ՀԱՊԿ-ում առկա և Նիկոլ Փաշինյանի կողմից նշված խնդիրները պատճառ դառնալ կառույցից Հայաստանի դուրս գալու համար։
«Ես չեմ լսել այդպիսի խնդրի մասին, որը կարող է նախադրյալ հանդիսանալ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար․ չկան այդպիսի նախադրյալներ՝ ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ ռազմավարական», – ասել է Տոնոյանը։