Կարևոր է,որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք. Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղևորվել է Մեղրի, որտեղ համայնքապետարանի հրապարակում հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել.
«Շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք: Մեր նախընտրական ծրագրի դրույթներից մեկը այն է, որ պետք է երեխաներին 4 տարեկանից սկսած ընդգրկենք կրթական համակարգ՝ նախակրթարան, մանկապարտեզներով և այսպես շարունակ: Մեղրիի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը ընթանում է բանականոն հունով, ֆինանսավորում կա: Մեղրիում, 3 տարեկանից սկսած, երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ, և մայրերը աշխատելու հնարավորություն կունենան: Ես ուզում եմ, որ բոլորս մեր վերաբերմունքը փոխենք:
Ցավոք, սովորաբար կրթական համակարգի նկատամամբ մեր վերաբերմունքը ֆորմալ է, մենք հաճախ նայում ենք երեխայի օրագրին և փորձում հասկանալ, թե ինչ գնահատականններ կան այնտեղ: Մենք հաճախ հարց չենք տալիս, թե մեր երեխայի գնահատականը որքանով է համապասխանում նրա գիտելիքներին»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հեղափոխությունը կարևորագույն անելիք ունի հենց կրթության ոլորտում.
«Մենք պետք է որպես հանրություն չհանդուրժենք անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Անորակ մասնագետները կոտրում են որակով մասնագետներին: Պետք է երեխաներին ապահովել այնպիսի կրթությամբ, որ նա հաղթանակներ տանելու հնարավորություն ունենա: Մեր հեղափոխության ամենակարևոր մասնակիցներից եղել են դպրոցականները: Մեր ուսուցիչների վճարման մակարդակը պետք է բարձրացնենք: Մենք պետք է մտածենք, որ այս երեխան թոշակառու դարձավ, ի՞նչ է իր հետ լինելու»:
Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և ամբողջ ռազմավարությունն ուղղված է լինելու այն բանին, որ մարդը լինի պատշաճ մակարդակի կրթված:
«Մենք պետք է մեր երեխաներին ասենք, որ համալսարանն ավարտելու դեպքում նրանք պետք է առնվազն 3 օտար լեզու իմանան, որովհետև դա մեր հետագա հաղթանակների գրավականն է: Մեր մարդիկ պետք է լինեն կրթված և առողջ: Մեզնից յուրաքանչյուրն ամեն հաջորդ օրը պետք է ավելի բարձր կրթական մակարդակ ունենա, քան նախորդ օրը: Մենք փոքրի, խեղճի, անօգնականի տրամաբանությունը պետք է փոխենք ուժեղի տրամաբանության»,- ասաց նա: