Ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան-Արցախ հարաբերությունները. Դավիթ Բաբայան
Մենք ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան-Արցախ հարաբերությունները. «Ազատության» հետ այս մասին զրույցում ասել է ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին հնչեցրած ղարաբաղյան արձագանքների շուրջ հայտարարությանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի նա հորդորի իր կառավարության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ մամուլի խոսնակին, չմեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:
«Բոլորիս պարտքն է, այդ թվում՝ ամենքս իր տեղում, մեր միասնականությունը ամրապնդելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և կարևորագույն մարտահրավերների մասին չմոռանալը: Դա վտանգներն են, որոնք գալիս են Ադրբեջանի կողմից: Եվ երբևիցե չենք փորձել խարխլել մեր հայկական միասնականությունը: Հետևաբար ես կոչ եմ անում հատկապես լրատվամիջոցներին չշահարկել մեր հայկական միասնականությունը․․․ Մեզ համար գերագույն արժեք է մեր հայոց պետականությունը, մեր միասնականությունը»,-նշել է Բաբայանը:
Հարցին, թե Բակո Սահակյանը այս հայտարարության հետ կապված խոսե՞լ է արդեն կառավարության անդամների հետ, Դավիթ Բաբայանը կրկնել է, որ Արցախի, պաշտոնական Ստեփանակերտի և բոլորի համար գերնպատակն է որևէ ձևով չխարխլել մեր հայկական միասնականությունը: «Ի վերջո, հայոց պետականությունը, նրա անվտանգությունը, մեր միասնականությունը գերագույն արժեքներ են»,-նշել է նա: