Սևանի ափամերձ տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով. Փաշինյան
«Մեր երկիրը իսկապես շատ կարևոր հանգրվանի առաջ է կանգնած, մենք կանգնած ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի առաջ, մենք կանգնած ենք նոր ներդրումներ գրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականի առաջ: Այս հրամայականներին ընդառաջ մենք պիտի համախմբենք մեր պետական ու ազգային ներուժը և լծվենք Հայաստանը վերափոխելու, աղքատության ճիրաններից ազատելու կարևոր գործին»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանն ասել է Սևանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ:
Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ խնդիրներից մեկն էլ մարդկանց վերաբերմունքն է Սևանի նկատմամբ: Փաշինյանը նաև ասել է, որ շատ զարմացել է վարչապետ դառնալուց հետո, երբ տեսել է, թե Սևանի կողքի հողատարածքները ինչ պաշտոնյաներ են գնել:
«Ըստ էության, Սևանի ափամերձ տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով, և իմ առաջին հանձնարարականներից մեկը եղել է ուսումնասիրել բոլոր դեպքերն առանձին-առանձին և սահմանել տրամաբանական վարձակալական գներ»,- ասել է Փաշինյանը և շեշտել, որ Սևանն իսկապես պետք է դարձնել բարձր մակարդակի լողափ ու հանգստյան գոտի: