ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը. Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ դիտոդական առաքելության ղեկավարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին եւ առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեությունը կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով ու նշել, որ առաքելությանը կմիանան նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Զրուցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են համարել երկրի հետագա առաջընթացի համար:
Նշելով, որ ժողովրդավարությունը չի սկսվում եւ ավարտվում ընտրությունների օրը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի: Նա ընդգծել է զարգացած քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդնդմանն ուղղված ծրագրերի եւ նախագծերի մեծ նշանակությունը ու կարեւորել է այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների ու տարբեր կառույցների հետ: