ՀՀ մի շարք բանկեր պահանջում են ԻԻՀ քաղաքացիներից փակել իրենց անձնական բանկային հաշիվները. ՀՅԴ-ի հայտարարությունը
Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են վերոնշյալ քաղաքացիներից` փակել իրենց անձնական բանկային հաշիվները: Ըստ էության՝ չի ապահովվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացումը, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվում են բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները, սահմանափակվում է նրանց տնտեսական գործունեությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես Իրանում ծնված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի, այնպես էլ Իրան-Հայաստան տնտեսական կապերի և ակնկալվող ներդրումների ընդհանուր գործընթացի վրա։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարևորում է հայրենադարձված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, համահայկական ներուժի համախմբումը, երկու երկրների ակտիվ տնտեսական ու ներդրումային ծրագրերի իրականացումը և պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ Կենտրոնական բանկից` հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը:
Միևնույն ժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել իրավական և քաղաքական դաշտում լուծումներ գտնելուն՝ ի շահ մեր հայրենակիցների»