ԱԳ նախարարը նոյեմբերի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Նոյեմբերի 20-ից 21-ը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը։ ԱԳՆ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ:
Հավելենք, որ նոյեմբերի 21-ին ԵԽ նախագահությունը կանցնի Ֆինլանդիային, որը մտադիր է քայլեր ձեռնարկել ԵԽ երկրներում մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Ֆինլանդիայի կառավարության հաղորդման համաձայն՝ երկիրը ցանկանում է նաև խորացնել այն բանի ըմբռնումը, թե նոր տեխնոլոգիաներն ինչպես են ազդում մարդու իրավունքների վրա:
2019 թվականի փետրվարին Հելսինկին կկազմակերպի արհեստական ինտելեկտին և մարդու իրավունքներին նվիրված միջազգային խորհրդաժողով: Եվրախորհրդում Ֆինլանդիայի նախագահությունը կշարունակվի մինչև 2019 թվականի վերջ: