Հրապարակվել են 2017 թվականին անհետացած «Սան Խուան» սուզանավի լուսանկարները
Արգենտինայի ռազմածովային ուժերը Twitter սոցցանցում հրապարակել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած և օրերս հայտնաբերված «Սան Խուան» սուզանավի առաջին լուսանկարները, գրում է iz.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ծովի հատակից դուրս բերել «Սան Խուան» սուզանավը:
«Մենք չունենք համապատասխան տեխնիկա, և այս պահին դա շատ դժվար հարց է մեզ համար»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը:
Նա նշել է, որ ակնկալում են ամերիկյան Ocean Infinity ընկերության աջակցությունը, որի շնորհիվ անհետանալուց մեկ տարի անց գտնվել են սուզանավի բեկորները: Արգենտինայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ սուզանավի բոլոր տվյալները կփոխանցվեն գործը քննող դատավորին, և եթե լինեն մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Սուզանավում գտնվել է 44 մարդ: Այն դադարել է կապի դուրս գալ 2017 թվականի նոյեմբերի 15-ից: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ հնարավոր է՝ նավում պայթյուն է տեղի ունեցել: