Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել», – այս խոսքերով է Բելառուսի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։
Խոսնակը հայտարարել է, թե այդպիսի մոտեցումը հասկանալի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին, սակայն միջազգային հարաբերությունները ունեն հստակ արարողակարգ ու էթիկետ։
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,– ասել է խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի վարչապետը բուռն քննադատության է արժանացրել Բելառուսի նախագահին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի հաջորդ օրը Մինսկում ընդունել է Ադրբեջանի դեսպանին, ու ըստ էության, նրան պատմել, թե ինչ է քննարկվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում սա ու պատրաստվում է պատասխան պահանջել այդպիսի վարքի համար։