Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է. Արմեն Ռուստամյան
Ցուցակներն ամբողջությամբ վաղը կհրապարակվեն, ռեյտինգային ցուցակներն են հիմնականում դժվարացնում ցանկի կազմումը, որովհետև որոշման իրավունքը պատկանում է և նախապատվությունը տրվում է տեղերում մեր մարմիններին, և իրենք են կողմնորոշվելու, թե ում պետք է առաջադրեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Անդրադառնալով մամուլում հրապարակումներին, թե ցուցակում առաջին տեղի համար պայքար է ընթանում իր ու Հրանտ Մարգարյանի միջև՝ Արմեն Ռուստամյանն ասաց.
«Երբեք մեր մեջ պայքար չի եղել։ Գիտեք, մեր կուսակցությունը շատ լուրջ ծանր ու թեթև է անում ամեն ինչ, բայց որոշումը կայացվում է համախոհությամբ, և ցանկը կլինի համախոհությամբ»,-վստահեցրեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ՀՀԿ-ի այն պնդումների մասին, թե ընդդիմությունն իրենք են լինելու, մնացածը գրպանային ընդդիմության դերակատարություն են ստանձնելու, Արմեն Ռուստամյան ասաց, որ ճիշտ չէ ընտրությունների ընթացքում ասել, թե ով է ընդդիմադիր, իսկ ով ՝ ոչ:
«Երևի ելնում են նրանից, որ, ըստ էության, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է և, ամենայն հավանականությամբ, կարող է ունենալ մեծամասնություն»,- նկատեց Ռուստամյանը։
Նա նաև հավելեց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից և այդ տեսանկյունից ընկալվում են ընդդիմություն. «Մենք չենք պատրաստվում կազմել կոալիցիա մի քաղաքական ուժի հետ, որի մոտ մեր ձայնը վճռորոշ չէ, մենք այլևս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունել։ Սա անցած մեր ճանապարհի ամենագլխավոր գնահատականն է»,- նկատեց նա: