ՀՀԿ-ի կողմից որոշ ուժերի մասին լսել եմ, որ գրպանային ընդդիմություն են և երբեմն համաձայն եմ, բայց Արամ Սարգսյանի մասին չեմ լսել. Քոքոբելյան
Գրպանային ընդդիմությունն այն է, որ ժողովրդին այլ բան են ասել, արել՝ մեկ այլ բան, օրինակ՝ առանցքային ճակատագրական հարցերի քվեարկություններում նրանք դրսևորվել են ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն ցանկացել է. «Մենք» դաշինքի կազմման մասին հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, որ իրենք չեն լինի այդպիսի ընդդիմություն:
«Մենք հավակնում ենք լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը, որը բովանդակային առումով և ՀՀ զարգացման տեսլականում նոր թարմացում կբերի, քաղաքական այն ուժն ենք հավակնում լինել, որ նաև կօժանդակի այն անհրաժեշտ փոփոխություններին, որ այսօրվա կառավարությունը նախաձեռնել է»,-ասաց նա և նշեց, որ առիթի դեպքում իրենք ամեն ինչի մասին կխոսեն շիտակ, բաց դեմքերին և կասենք ով ինչ է արել և ինչի է ունակ:
«Ինչու ասացի, որ ՀՀ-ում իմիտացիոն ժողովրդավարական գործընթացներից պետք է անցնել լիիրավ գործընթացների: Օրինակ՝ ՀՀ-ում քաղաքական ուժեր կան, որոնց ղեկավարները կամ ներկայացուցիչները երբեմն այլ երկրների շահերն ավելի ջանասիրաբար են պաշտպանում, քան նրանց դեսպանները ՀՀ-ում, կամ իրենց պետության ղեկավարները: Որևիցե մեկին չեմ ուզում նշել, բայց ՀՀ քաղաքացիական դաշտի առողջացման բացառիկ հնարավորություն կա, այսինքն՝ ընտրել և ուժեղ իշխանություն, և բովանդակային ընդդիմություն»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Արամ Սարգսյանին և նրա «Հանրապետություն» կուսակցությանը վերբերո՞ւմ է ՀՀԿ-ի կողմից արված հայտարարությունը, թե կլինեն գրպանային ընդդիմություն, Խաչատուր Քոքոբելյանը նշեց. «ՀՀԿ-ի կողմից չեմ լսել որևիցե մեղադրանք Արամ Սարգսյանի և նրա կուսակցության նկատմամբ, որ գրպանային են:
Որոշ ուժերի մասին լսել եմ, երբեմն համաձայն եմ, որովհետև իրենք հո գիտեն, թե ով է իրենց ղեկավարը և լավ գիտեն, թե հարցն ինչու է ուղղել ՀՀԿ-ն, որովհետև հստակ կրիտիկական վիճակում են գտնվում»,-ասաց նա: