Ասֆալտին «կփռեն» բոլոր նրանց, ովքեր «խելոք» չեն պահի իրենց . ոստիկանապետ (տեսանյութ)
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինելու ընտրակաշառք: Խստագույնս պատժվելու է նման երևույթը՝ անկախ կուսակցության պատկանելությունից, անկախ նրանց ով լինելուն»,- այսօր հայտարարել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում:
Նա վստահեցրել է, որ եթե ընտրությունները լինեին նույնիսկ առաջիկա կիրակի օրը, ոստիկանությունը լիովին նպատրաստ է, տիրապետում է իրավիճակին ու ոստիկանության համար, ըստ էության, կապ չունի՝ ընտրությունները կանցկացվեն հի՞ն, թե՞ նոր Ընտրական օրենսգրքերով:
«Մեզ համար կարևոր է, որ օրենքի առջև բոլորը հավասար լինեն և դա կապահովենք, որ բոլորի հավասարությունը օրենքի առաջ լինի»,- ընդգծել է Օսիպյանը:
Լրագրողները հհետաքրքրվել են, թե «ասֆալտին փռելու» գործընթացը ոստիկանությունը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, որին ոստիկանապետը արձագանքել է, թե շարունակվում է ու ասֆալտին «կփռեն» բոլոր նրանց, ովքեր «խելոք» չեն պահի իրենց օրենքի սահմաններում, միաժամանակ հիշեցնելով, որ նման գործընթացներ եղել են նաև նախկինում, լինում են այսօր ու վաղն էլ կշարունակվեն:
Լրագրողների հարցին, թե «ասֆալտին փռելու» գործընթացից օլիգարխներն ու նրանց թիկնապահները խելոքացե՞լ են արդյոք, Օսիպյանն արձագանքել է, թե ավելի շատ օրինապահ են դարձել:
Օսիպյանը նաև տեղեկացրել է, որ հետագայում մտադրություն կա նաև կանոնակարգել օրինական զենք պահելու, կրելու հարցերը, ու այդ հարցում կա արդեն վարչապետի հանձնարարականը: