Ռիդլի Սքոթը կնկարահանի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը
Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը մտադիր է նկարահանել հայտնի «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը: Այս մասին հայտնում է Կորեսպոնդենտը, հղում անելով The Hollywood Reporter ամսագրին:
Նրա խոսքերով, նախագծի վրա աշխատանքն արդեն սկսվել է, սակայն դեռևս ամենավաղ փուլում է գտնվում: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի հոլիվուդյան Paramount կինոստուդիան: Սցենարը, ինչպես նախատեսվում է, կգրի Պիտեր Կրեյգը, ով աշխատել է Սոված խաղեր ֆիլմի երկու մասերի սցենարների վրա:
80-ամյա Սքոթը, ով Գլադիատոր ֆիլմի համար առաջադրվել է Օսկարի, կրկին կվերադառնա ռեժիսորի աթոռին:
Deadline պորտալի համաձայն, դերասան Ռասել Քրոուն, ով օրիգինալ ֆիլմում գլխավոր հերոսի դերն է կատարել, երկրորդ մասում ընդհանրապես ներգրավված չէ: Նրա հերոսը մահացել է առաջին մասում, և շարունակության ստեղծողները մտադիր չեն նրան «հարություն տալու»: Ֆիլմը նվիրված կլինի «Գլադիատոր»-ի հերոսուհիներից մեկի որդու պատմությանը, որը կգնա Քրոուի կերպարի հետքերով: