Հավատում եմ և մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որ նա սկսել է. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, ով երեկ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին, լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց իր որոշման վերաբերյալ:
«Ես իմ քաղաքական գործունեության վիթխարի մասը և պատգամավորական գործունեության ամբողջ մասն անցկացրել եմ «Ելք» դաշինքի և «Ելք» խմբակցության ֆորմատում. դեռ դաշինքի ստեղծման պահից մենք հուշագրում կետ ունեինք, որ պետք է դառնանք մեկ կուսակցություն, այսինքն` մեկ թիմ դառնալու գաղափարը եղել է վաղուց, այն եղել է ինձ հոգեհարազատ: Ես մտածել եմ, որ մենք բնական դաշնակիցներ ենք և պիտի քաղաքական գործընթացները շարունակենք միասին, որովհետև հավատում ենք նույն սկզբունքներին»,- ասաց նա:
Կոնջորյանը նշեց, որ ինքը մշտապես ասել է` բոլորով պիտի միավորվեն, որովհետև հավատում են նույն գաղափարներին և արժեքներին, որովհետև պետք է կարողանան մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի պետականաշինության գործում:
«Ցավոք, ես իմ այդ գաղափարում գուցե մնացել եմ միայնակ, չեմ կարողացել համոզել, որ բոլորով միանանք, եղել են գուցե նաև այլ պատճառներ, որոնց մասին չեմ ուզում խոսել»,- ասաց Կոնջորյանը:
Պատգամավորը վստահեցրեց` հեղափոխությանը միանալու այս քայլին դիմելու միտքը նոր չի առաջացել, ինքն անընդհատ փորձել է միավորել, չի ստացվել, հասկացել է, որ պիտի անի այն, ինչին հավատում է և անում է դա:
Հարցին` ինչո՞ւ չմիացավ իր ընկերներին ամենասկզբում, երբ նրանք քայլարշավ էին սկսել, նա տվեց հետևյալ պատասխանը.
«Մեր ներքին քննարկումներում դեռ հեղափոխությունից առաջ ամբողջությամբ միակարծիք չէին մեր ժողովները, կային նաև կարծիքներ, որ ճիշտը միանալն է: Ես մի քանի անգամ նման կարծիք եմ հայտնել. կուսակցական կարգապահությունը ստիպում է ենթարկվել ընդհանուր խաղի կանոններին: Ես սրտով մշտապես եղել եմ այնտեղ, բայց պահելով կուսակցական կարգապահությունը` այնտեղ չեմ եղել»:
Նա հավելեց՝ ինքը բոլոր ընկերներին վստահեցրել է` միանշանակ կարող է մեկ բան խոստանալ, որ երբեք չի խանգարի նրանց և այժմ, եթե հնարավորություն ունենար նորից որոշում կայացնելու, գուցե այդ կուսակցական կարգապահությանը չենթարկվեր:
Կոնջորյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ քննարկում չի եղել, այլ եղել է քննարկում, որ իրենք միասին գնան առաջիկա գործընթացների ժամանակ:
«Իմ քայլը պայմանավորված է բացառապես իմ գաղափարներով և իմ հավատամքով: Ես հավատում եմ և մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որ նա սկսել է: Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, ինչին հավատում եմ, ինչպես կարող եմ դեմ լինել սեփական պատկերացումներին»,- ասաց Կոնջորյանը: