Հայաստանում կստեղծվի միակուսակցական խորհրդարան, և այդ ուժը կղեկավարի մեկ մարդ․ Քոչարյան
Հայաստանում ոչ իշխանական ուժերը կամք չեն դրսևորում միավորվելու և միասնականորեն դեմ դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և զարմանալի չէ, որ դրանք կանցկացվեն։ Այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սա, ըստ Քոչարյանի, բեկումնային պահ է։
«Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվելու է, ըստ էության, միակուսակցական խորհրդարան՝ միակ քաղաքական միավորի լիարժեք գերիշխանությամբ։ Եվ այդ միակ ուժի կազմում գերիշխելու է մեկ մարդ։ Չեմ կարծում, թե այդպիսի իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն», – ասել է Քոչարյանը։
Մյուս քաղաքական կուսակցությունները պատրաստ չեն այս տարբերակին, սակայն այս ընտրությունները պարտադրվում են Փաշինյանի թիմի կողմից, որն առայժմ ունի այդքան իշխանություն՝ պարտադրելու համար։
Ապրիլին, ըստ Քոչարյանի, մարդիկ միավորվել էին այն ժամանակվա իշխանությունների դեմ, իսկ հիմա այդ մարդիկ միավորվել են Փաշինյանի շուրջ, քանի որ նրա իշխանությունը համարում են իրենց ստեղծածը։