Այս պահին արդեն Հանրապետականը փոքրամասնություն է. Արա Բաբլոյան
Համաձայն ենք այն մոտեցման հետ, որ ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել ԸՕ քվեարկությանը, հիմա իրենց վրա է դրվել, որ հավաքեն ստորագրություններ և կազմակերպեն արտահերթ նիստ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն` անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրելու պատգամավորների ստորագրհավաքին:
Բաբլոյանը ողջունեց Կառավարությանն այն բանի համար, որ կրկին նրանք չեն գնում արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով, այլ տվել է երկրորդ հնարավորությունը նրանց, ովքեր չիրականացրեցին իրենց պարտավորությունը:
«Ուզում եմ, որ ազնիվ լինենք մեր պատկերացումներում, դիրքորոշումներում ու հայտարարություններում։ Այս պահին արդեն Հանրապետականը փոքրամասնություն է խմբակցություններում և դրանում այս պահին գուցե 40 մարդ էլ չկա, հետևաբար ճիշտ չէ պատասխանատվությունը ընդդիմության վրա գցել։ Կան առնվազն 67-69 պատգամավոր, որոնք տվել են իրենց համաձայնությունը, մի մասը բանավոր, մի մասը գրավոր, որ իրենք կաջակցեն և կանցնի։ Ցավալին այն է, որ մարդիկ տալով այդ համաձայնությունը, խոսքով են ասում, բայց գործով չարեցին», - ասաց Բաբլոյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ ինքը կատարում է ԱԺ խոսնակի իր պարտականությունները։ Նա նկատեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կարող էր դեմ լինել քվեարկության հետաձգմանը, սակայն ինքը տվել է այն հետաձգելու հնարավորությունը, որպեսզի եթե կան ցանկացողներ, հասցնեն գալ ու քվեարկել։
«Այդ առումով պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն որևիցե ճնշում չի ներգործել ինձ վրա, չի փորձել ինձ համոզել, որ ես չտամ հնարավորություն` սրանով ցույց տալով, որ ինքը չի խոչընդոտում արդար քննարկումներին ու քվեարկություններին»,- ասաց Արա Բաբլոյանը։
Նա անդրադարձավ նաև վարչապետի ընտրությանը։ Պատասխանելով հարցին, թե երկուշաբթի վարչապետի ընտրության ինչ դիրքորոշում են ունենալու, պատասխանեց․ «Կարծում եմ՝ ամեն բան կկանոնակարգվի այնպես, որ որևէ ցնցում չառաջանա»: