Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg հեղինակավոր գործակալությանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ամերիկյան Bloomberg գործակալությանը՝ խոսելով Հայաստանում տիրող ներքին իրավիճակի, ներկա իշխանությունների քայլերի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ օրս պահպանվող շփումների մասին:
Քոչարյանը նշել է, որ ինքն ակնհայտ տեսնում է ներկա իշխանությունների բացթողումները, ըստ նրա՝ նրանք կարիք ունեն բարձրաձայն ու ռացիոնալ քննադատության: ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը դեռ ղեկավարվում է «հեղափոխական ռոմանտիզմով»:
Քոչարյանը նաև շեշտել է, որ 10 տարի առաջ մարտի 1-ին նա գործել է իր՝ որպես նախագահ ունեցած լիազորությունների սահմաններում, իսկ իր դեմ հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ ունեցած անձնական ատելությունից:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքին՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ իր պաշտոնավարման ժամկետների ավարտից հետո էլ ինքն ու Պուտինը պահպանել են պարբերական շփումն ու լավ ընկերներ են:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չէր կարող ընտրվել: Այնուհետև որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: