Հայկական բանակի տանկերի արդիականացման դետալների մի մասը կլինի հայկական
Հայկական բանակում արդեն որոշել են, թե ինչպիսի տանկեր են ուզում ունենալ զինված ուժերում: Երկու տարվա աշխատանքներից հետո ՀՀ ԶՈւ ղեկավարությունը որոշ հարցեր է լուծել նաև տեղական գիտաարտադրական հնարավորությունների հետ կապված: Այս մասին հայտարարեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության բաժնի պետ Զորայր Գաբրիելյանը:
Նրա խոսքերով` հայկական բանակում այժմ աշխատում են ոչ միայն Տ-72 տանկերը Բ3 մակարդակի հասցնելու ուղղությամբ, այլև մտադիր են մեկ այլ ուղղությամբ զարգացնել Տ-72Ա՝ ավելի հին մոդելի տանկերը: Գնդապետը վստահեցրեց, որ աշխատանքների մի մասն իրականացվում է Հայաստանում, իսկ տանկերը Բ3 մակարդակի հասցնելու աշխատանքների մի մասը կատարվելու է տեղում արտադրված դետալներով ու սարքերով:
Հայկական տանկերն արդիականացնելու հիմնական ուղղություններից մեկը, ըստ գնդապետի, կրակի կառավարման համակարգի թարմացումն է ու դրանց հնարավորությունն այն մակարդակի հասցնելը, որ դրանք կարողանան աշխատել ու մարտերի մասնակցել օրվա բոլոր ժամերին ու տարբեր եղանակային պայմաններում: