Ռոբոտ Սոֆյան կժամանի Հայաստան
Ռոբոտ Սոֆյան, որն օժտված է արհեստական բանականությամբ, նույնպես կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղեկացրեցին ԱԳՆ-ում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին նվիված ասուլիսի ժամանակ:
Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես-ֆորումին, կմասնակցի հարց ու պատասխանին: Սոֆյան առաջին ռոբոտն է, որ ստացել է ՄԱԿ-ի տիտղոս և քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին նրան քաղաքացիություն է շնորհել Սաուդյան Արաբիան:
«Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է տնտեսական ֆորում, որն ավելի փոքր թիրախային խմբի համար է: Ակնկալում ենք մոտ 360 մասնակից: Ֆորումը երկու օր է լինելու՝ հոկտեմբերի 9-ին բոլոր մասնակիցները, ովքեր կլինեն Երևանում և ցանկություն կունենան, կմասնակցեն բիզնես տուրերի: Առաջինը DigiTec Expo-ի մասնակցությունն է, որտեղ ներկայացված են Հայաստանի՝ ինովացիոն և բարձր տեխնոլոգիաներում տարատեսաակ արտադրանքները: Մասնակիցներին նույն օրը կներկայացվեն նաև հայկական խմիչքներն ու դրանց պատմությունը»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:
Հոկտեմբերի 10-ին կայանալու է արդեն բուն բիզնես-ֆորումը, որտեղ լինելու է 3 զուգահեռ քննարկում 3 հիմնական ուղղություններով: Առաջինը 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունն է, որտեղ բարձր տեխնոլոգիաներին առնչվող տարատեսակ թեմաներ են ներառված, երկրորդը կայուն զարգացման և կոմերցիոն հարաբերություններին է առնչվում, իսկ երրորդը կոմերցիոն հարաբերությունների՝ ներդրումների և արտահանումների մասին է լինելու:
Բիզնես-ֆորումի շրջանակներում նախատեսվում է նաև հիմնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ՏՏ նախարարների ցանց Հայաստանում: Այդ նպատակով տեղի կունենա նաև նախարարների նիստ, որտեղ կսահմանվեն ցանցի գործունեության հետագա ուղղությունները:
«Առանցքային հյուրեր ենք ակնկալում ունենալ, ի թիվս խոշոր գործարարների, ովքեր կլինեն Երևանում, կփոխանակվեն փորձով, հաջողության պատմություններով կկիսվեն»,- ասաց Մանե Ադամյանը: