Հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան. Նիկոլ Փաշինյան
Հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից վերադառնալուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook-ի ուղիղ եթերում։
«ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և տարաձայնություններ չկան։ Ես կարծում եմ՝ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա հրաշալի աշխատանքային մթնոլորտ և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այն, որ ինքն ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս՝ խոսում է մեր երկրի ինքնիշխանության մասին, պետք չէ դիտարկել որպես արտառոց մի բան։
«Հենց մեր առաջին հանդիպումից հետո այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները։ Անկեղծ ասեմ՝ այդ թեման առաջինը բացել է Պուտինը։ ԵԱՏՄ գագաթնաժողովն էր, երբ հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ նա ասաց՝ ես գիտեմ, որ այդպիսի տեսակետ կա, որ ՌԴ ն բավարար հարգանքով չի վերաբերվում ԵԱՏՄ իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։
Նա հավաստիացրեց, որ լիարժեք հարգանքով է վերաբերվում գործընկերների ինքնիշխանությանը, և, ընդհակառակը, ընդգծում է այդ սկզբունքի կարևորությունը։ Ասաց՝ կաշխատենք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ դա միայն խոսքով չէ, այլ գործնականում։ Կարող եմ ասել, որ ժամանակը ցույց է տվել այդ խոսքերի հավաստիությունը։ Ամեն անգամ, երբ Պուտինի հետ այս թեմայով խոսում եմ, ընդգծում եմ նաև սա որպես կարևոր ձեռքբերում և հիմք մեր հարաբերությունների բնականոն զարգացման համար»,– ասել է Փաշինյանը։