Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյան
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը:
«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների մոտ լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, և դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»,-ասաց ոստիկանության պետը:
Վալերի Օսիպյանը շեշտել է, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են և ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները:
Ոստիկանության պետը հիշեցրել է, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, մեքենաների կուտակումը, և նման դրսևորումները պետք է բացառել, անկախ նրանից, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պաշտոն կամ կուսակցական պատկանելություն ունեն:
Նա ընդգծել է, որ պետք է լինել հետևողական և թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել:
Վալերիյ Օսիպյանը հստակ և վճռական դիրքորոշում է հայտնել, որ չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Նա պահանջել է զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողներն իրենց վերադասների հետ կպատժվեն խստագույն։ «Հարկավոր է լինել, սկզբունքային, խիստ: Օրենքի առաջ բոլորն են հավասար»,- ասել է ոստիկանության պետը:
Խոհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս: