12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) գիտելիքի արտաքին գնահատում է անցկացնելու հանրապետության մի շարք դպրոցների ավարտական 12-րդ դասարաններում՝ հայոց լեզու և հանրահաշիվ առարկաներից:
Գործընթացը կսկվի սեպտեմբերի 24-ին և կտևի մինչև հոկտեմբերի 20-ը: Դրանում կընդգրկվեն 157 հանրակրթական հաստատություններ՝ մարզերում և 20-ը՝ Երևանում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում փոխանցեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը: 7 հազար աշակերտ քննություն կհանձնի հայոց լեզվից և 7 հազարը՝ հանրահաշվից:
Ավելի վաղ, երբ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նպատակ կա միասնական քննությունների տարբերակով ու ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ անցկացնել նաև ավարտական քննությունները, ասաց, որ կդիմի ԳԹԿ-ին՝ մինչ այդ արտաքին գնահատում կազմակերպելու առաջարկով: Փաշայանը նշեց, որ դա հաշվի առնելով էլ այս անգամ որոշել են ընտրել 12-րդ դասարանը (ԳԹԿ-ն արտաքին գնահատումներ իրականացնում է պարբերաբար՝ տարբեր դասարաններում):
Նաև որոշվել է, որ ընթացիկ ուսումնական տարվա վերջին միասնական քննությունների տարբերակով կանցկացվի ավարտական քննություններից միայն մեկը՝ հայոց լեզու առարկայից՝ ի տարբերություն նախապես ծրագրված ամբողջ ծավալի: Անցումը կլինի աստիճանական, ինչպես տարիներ առաջ եղավ միասնական քննությունների դեպքում: 9-րդ դասարանի ավարտական քննությունների վերաբերյալ դեռ որոշում չկա, բայց այս դեպքում էլ առաջարկվում է կենտրոնացված տարբերակով կազմակերպել առայժմ միայն քննություններից մեկը:
Ինչ վերաբերում է ԳԹԿ-ի կողմից անցկացվելիք ավարտական քննությունների ժամկետին, ըստ Արմեն Փաշայանի քննարկվում է, որ դրանք պետք է լինեն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում: Նա նկատեց, որ թեպետ ուսումնական գործընթացը դպրոցներում եզրափակվում է մայիսի 20-ին, բայց ծրագիրն ավարտված է լինում ավելի վաղ, ու մնացած ժամանակը տրամադրվում է թեմաների կրկնողությանը: Արմեն Փաշայանը կարծում է, որ նոր առաջադրված խնդիրը ԳԹԿ-ն կկարողանա պատշաճ ձևով հաղթահարել ու հաջորդիվ անցնել միասնական քննությունների անցկացմանը: