Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ դատավորին
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԲԴԽ նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ևս ողջունել է նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական և վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել:
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
Էդգար Սեդրակյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,- ասված էր հրամանագրում: