Առողջապահության նախարարը Հռոմում մասնակցում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի նստաշրջանին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նիստի նախնական օրակարգով նախատեսված է Եվրոպայում առողջապահության ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցի ներկայացում: Կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը միտված «Առողջություն 2020» ծրագրով նախատեսված անելիքները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության բարելավման հարցերը, առողջապահության ֆինանսավորման նոր մոտեցումները, հանրային առողջապահական համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացման ծրագիրը:
Օրակարգը ներառում է նաև իմունիզացիային, համաճարակային վիճակի վերահսկմանն առնչվող հարցեր: Գնահատական կտրվի անդամ-պետություններում ԱՀԿ ռեֆորմների ազդեցությանը:
Նիստին հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարներ, միջազգայնորեն հայտնի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ և այլք, ինչը բազմակողմ եւ բազմաբնույթ հանդիպումների հնարավորություն կտա: