Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը ֆրանսիական պարբերականին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
ՀՀ վարչապետին պարբերականը ներկայացրել է նաև որպես «Թավշյա հեղափոխության առաջնորդ»: – Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: Առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ այլևս չկան արտոնյալներ կամ արտոնություններ: Մենք աննախադեպ պայքար ենք տանում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ: Տնտեսական մենաշնորհներ էլ չկան:
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ: Այս ընտրությունները կլինեն պատմության մեջ ամենաազատը: Ի տարբերություն այլ հեղափոխությունների, համենայն դեպս` նրանց, որոնք ինձ հայտնի են, մեր դեպքում հեղափոխությանը չհաջորդեց տնտեսության անկումը:
Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գներն աճում են, բանկերում ավանդներն աճում են: – Ձեզ խորհրդարանն ընտրեց հանրային ճնշման տակ, բայց նույն այդ խորհրդարանում շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված պատգամավորները: Դա ընդունելի՞ է: