Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացրել են գրագետ ծրագրեր.Անահիտ Թարխանյան
«Մայրաքաղաքը պետք է մաքրել աղբից»,- համոզված է Երևանի ավագանու «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը:
«Մենք քայլում ենք, և մեր ոտքերի տակից առնետներ են փախչում: Փողոցներում դա չկա, բայց երբ մտնում ենք տարածքները՝ այնտեղ սարսափելի է»,- նշել է թեկնածուն:
Հաջորդ կարևոր հարցը՝ մայրաքաղաքում աշխատատեղեր ստեղծելն է: Արդյունաբերական կենտրոն է պետք հիմնել, ասել է Թարխանյանը:
Բացի այդ, կարևոր է նաև անհատական մոտեցում ցուցաբերել ապօրինի կառույցներին, դրանք արդեն կան, փաստը հերքել անհնար է, սակայն ամեն դեպքի համար յուրահատուկ մոտեցում է պետք: Եթե այդ կառույցով բնակիչը մի քիչ բարելավել է իր բնակարանային պայմանները, կամ այն գտնվում է միջբակային տարածքում և խոչընդոտ չէ ճանապարհին կամ փողոցին՝ պետք է տալ այլ լուծում: Ամեն դեպքում պետք է հրավիրել հանրային քննարկում:
« Պարզապես որոշում կայացնել՝ բոլոր ինքնակամները մենք քանդում ենք ՝ սխալ մոտեցում կլինի»,- ասել է Անահիտ Թարխանյանը:
Ընդհանուր առմամբ, ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացրել են գրագետ և մասնագիտական գնահատականներով հագեցած ծրագրեր, կարծում է թեկնածուն:
«Միայն թե մտածող և տրամաբանող ընտրողը պետք է ընտրի այնպիսի քաղաքապետ, որը կկարողանա իրագործել ներկայացրած ծրագրերը»,- ասել է Անահիտ Թարխանյանը: