ԱԺ-ն համաձայնություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի դիպլոմների փոխճանաչման պայմանագրին
ԱԺ նիստում այսօր ընդունվեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ԱԺ-ում ասել էր, որ դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հարցրել էր, թե արժի՞ արդյոք 6 տաջիկ ուսանողի համար համաձայնագիր կնքել, մանավանդ որ տեղեկություն չկա, թե Տաջիկստանում կան հայաստանցի ուսանողներ:
ԿԳ նախարարը հակադարձել էր, թե այդ համաձայնագրի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս 2017-ի ամռանը, և այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ոչ ոք նպատակահարմարության մասին հարց չի տվել: