Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել. ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին
Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ այժմ Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է:
Խաչատրյանի կարևոր բացահայտումներից մեկը այն էր, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, երբ այդ պատշգամբներից վառվող շիշ է նետվել:
Հարցին, թե նրանց ինքնությունը պարզվե՞լ է ՀՔԾ պետը Խաչատրյանը պատասխանեց. հիմք չեն ընդունում նախորդ գործի որևէ տվյալ:
«Գործը զրոյից քննվում է, և բացահայտումները այդ քննության արդյունքն են: Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, նրանց շրջանակն էլ կա և կպարզենք նաև կրակողներին:
Լրագրողի հարցին, թե պարզվել է՝ ովքե՞ր են կիրառել «Չերյոմուխա 7»-ը, այս մասով ի՞նչ քննություն է գնում, ՀՔԾ պետն ասաց, որ նախկինում չորս անձի՝ Ներքին գործերի նախարարության ծառայողների, մեղադրանք է առաջադրվել այդ կանոնները անզգուշությամբ խախտելու համար:
«Ունենք տվյալներ, որ դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննությամբ են հիմնավորվել, որ եղել են նշանառու կրակոցներ «Չերյոմուխայով» եւ որեւէ անզգուշության մասին խոսք չկա: Եթե հիմնավորենք կոնկրետ անձանց՝ կրակողներին այդ անձանց ամենայն հավանականությամբ կմեղսագրվի դիտավորյալ սպանությունները, որովհետեւ նշանառու կրակոցներ են արվել անձանց երկուսինը գլխի հատվածում, մեկը՝ որովայնի հատվածում»,- ասաց Սասուն Խաչատրյանը: