Սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց մենք չենք կանգնելու և անելու ենք մեր գործը. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ:
Սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը:
«Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռտուպցիան այս երկրում: Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել եւ օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին: Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը»,- ասաց Հատուկ քննչական ծառայության պետը:
Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ, ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի առաձնահատկությունն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել նախաքննությանը, այս գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»: