Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ լավ ցուցանիշները մայիսից են սկսվել, բայց աճի տեմպն ավելացել է. ՊԵԿ նախագահ
Հարկերի հավաքագրման ամենամեծ ցուցանիշը եղել է հուլիսին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ես չեմ ցանկանա առանձնացնել մայիսից այս կողմ հարկային հավաքագրումները: Ապրիլին էլ ենք ունեցել մեծ հավաքագրումներ, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ լավ ցուցանիշները մայիսից են սկսվել: Դրանք ոչ թե մայիսից են սկսվել, այլ ունեցել ենք լավ ժառանգություն: Օրինակ մարտ-ապրիլին եղել են լավ տեմպեր»,-ասաց ԿԵՊ նախագահը:
Նա հիշեցրեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը եւս կանխատեսել էր, որ ունենալու ենք հարկային մուտքերի լավ ցուցանիշներ եւ նա չէր սխալվել. «Մայիսից հետո մի փոքր հարկերի հավաքագրման աճի տեմպն ավելի բարձր է: 14 տոկոս է եղել աճի տեմպը ապրիլին, մեզ մոտ եղել է 15,3 տոկոս:
Եթե ուզում էիք, որ ասեմ՝ հեղափոխություն ենք արել այս գործում, ես պիտի մի փոքր հիասթափեցնեմ: Մարդիկ աշխատել են նաեւ մեզնից առաջ», - հայտարարեց Դավիթ Անանյանը: