Մեր ձեռքը մեկնելու ենք բոլոր մրցակից ուժերին, որ համագործակցաբար ներկայացնենք կառավարման նոր եղանակ. Րաֆֆի Հովհաննիսյան
Սեպտեմբերի 7-ին մամուլի ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց.
«Մենք մասնակցում ենք «ժառանգությամբ» որ տանք Երևանին այլընտրանք` համաշխարհային նշանակության քաղաք դառնալու համար:
Մենք բարին ենք մաղթում բոլոր բարեկամ մրցակիցներն, հարգում ենք բոլորին, չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի, կամ գունավորված է»:
Նա կարևորեց Երևանի խնդիրների համապարփակ վերլուծական գույքագրումը:
«Մենք հանձնառություն ենք վերցնում՝ ավագանիում լինելուց հետո առաջնորդվել վերկուսակցական քաղաքացիական մոտեցմամբ: Դա նշանակում է, որ չի լինելու որևէ հարց, որ լուծվելու է առանց մասնագիտական խմբերի և շահառու քաղաքացիների անմիջական մասնացկության»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ պայքարը ծայրահեղ պիտակավորումներից զերծ կլինի, թեև լեզվի սայթաքումներ կարող են լինել:
«Ոչ մեկ չունի ճշմարտության մենաշնորհը և ոչ մեկը հեղինակային իրավունք չունի հայ ժողովրդի վերելքի, հայոց ոգու ժայթքման: Մեր ձեռքն այս պահից մեկնելու ենք բոլոր մրցակից ուժերին, որ երևանցու ընտրությունից հետո միասին համագործակցաբար ներկայացնենք մի նոր կառավարման եղանակ` վերկուսակցական»,-ասաց նա: